3 նոյեմբերի 2005 - 16:50 AMT
Այսօր հայ-ռուսական հարաբերություններն էվոլյուցիոն բնույթ են կրում
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված հարաբերոթյունները բաց են: Նախագահության 8 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, որ մենք չկարողանաինք պայմանավորվել Ռուսաստանի հետ ամենծանր հարցերի շուրջ անգամ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ներդրումների խրախուսումը, ազատ առեւտրի ռեժիմը, համագործակցությունը տնտեսական եւ ռազմական ոլորտներում` այս ամենը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության մեծ բազայի մասին: Տվյալ պահին հայ-ռուսական հարաբերությունները էվոլյուցիոն զարգացում են ապրում: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով Ռուսաստանը առաջին տեղում է: Երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումից հետո ակնկալվում է հայ-ռուսական հարաբերությունների զգալի աճ տնտեսական ոլորտում: Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, կան մեծ հնարավորություններ Հայաստանի այդ պատմական գործընկերոջ հետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Պատասխանելով միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահը նշել է ՌԴ ազդեցության զգալի աճը եւ այդ երկրի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը եվրոպական երկրների կողմից: Ռուսաստանը իր բոլոր ռեսուրսներով շարունակում է հզոր տերություն լինել: Ըստ Ռ.Քոչարյանի, ԽՍՀՄ փլուզումից հետո առկա էր Ռուսաստանի դիրքերի էական անկում միջազգային ասպարեզում, սակայն այժմ ակնհայտ են ՌԴ միջազգային հեղինակության աճի զգալի տեմպերը, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հաջորդ տարի հենց Ռուսաստանում է կայանալու Մեծ ութնյակի գագաթնաժողովը: «Ես երբեք չեմ կասկածել, որ Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում»,-հավելել է Հայաստանի նախագահը: