Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին նոր օրինագիծ ներկայացնել, սակայն դրան խոչընդոտում էր Սահմանադրական դատարանի որոշումը:
Սակայն, ինչպես գրում է «Հյուրիեթը», Ֆրանսիայի նախագահը «միջին որոշում է» գտել, որը ԵՄ օրենսդրության միջոցով կարող է ադապտացվել Ֆրանսիայի օրենսդրությանը: Նորացված օրենքում չի լինի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նրա ժխտումը կհամարվի հանցագործություն: Նոր օրինագիծը հիմնված կլինի ԵՄ 2008թ. նոյեմբերի 28-ի Շրջանակային բանաձևի վրա, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները ԵՄ-ում պատժելի են:
«Ցեղասպանությունը մերժելու, վիրավորական ու ատելություն և վրեժ սերմանող խոսքերի համար, ինչպես նաև հավատը, ռասան, ազգությունը վիրավորող արտահայտությունների համար կսահմանվի 1-3 տարվա ազատազրկում», ասվելու է օրենքում:
Ցեղասպանության մասին տեսակետի կամ գիտական աշխատությունների ներկայացումը պատժի ենթակա չի լինի, սակայն, ատելություն ու վիրավորանք պարունակող խոսքերի համար մարդ կենթարկվի պատասխանատվության:
Այդպիսով, ՍԴ հիմնական փաստարկը՝ «խոսքի ազատության» դրույթը կապահովվի: Վերջնական տեսքի նոր օրենքը կբերի արդարադատության նախարարությունը, և ամենաուշը, աշնանը այն կընդգրկվի խորհրդարանի օրակարգում: