12 ապրիլի 2013 - 19:55 AMT
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են սահմանի սահմանազատման գործընթացին

Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Երևան է ժամանել պաշտոնական այցելությամբ:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, ընդլայնվող առևտրատնտեսական շրջանառությունը, ակտիվ հումանիտար կապերը։ Նա ընդգծել է, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը զգալիորեն նպաստում է հարաբերությունների զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Փանջիկիձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները հետևողական են բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առավել սերտացմամբ և իր պաշտոնական այցելությունը հենց այդ տրամաբանության մեջ է։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել տնտեսական փոխգործակցության ընդլայնման, հումանիտար ոլորտում փոխանակումների խթանման հարցերին, մտքեր փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են միջպետական սահմանի սահմանազատման գործընթացին, այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը:

Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման նպատակով Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության, ԱԳՆ-երի ստորաբաժանումների միջև խորհրդատվությունների ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հաջորդ հանդիպումն իրականացնել մայիս ամսին։