22 նոյեմբերի 2005 - 17:19 AMT
Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը կշարունակի բարեփոխումների քաղաքականությունը
Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը «ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այդ մասին այսօր Լյուբլյանայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահը նշել է, որ «վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվել է ակտիվ քարոզարշավ, եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ մեր երկրի բնակչությունը դրական է ընկալել սահմանադրական փոփոխությունների գաղափարը»: «Ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը նույնպես դրական կլինի: Սակայն հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը շարունակելու է բարեփոխումների իր քաղաքականությունը եւ պահպանելու է դրանց նախկին տեմպը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: