24 ապրիլի 2013 - 10:42 AMT
Ֆրեզնո շրջանը ԼՂՀ անկախության մասին բանաձև է ընդունել

Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը դարձել է առաջինը, ով ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Երեկ շրջանի Հոգաբարձուների խորհուրդը բանաձև է ընդունել, որտեղ պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պատմական ու էթնիկապես հայկական տարածաշրջան, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք նախաձեռնության համար ու հոսուվ, որ բանաձևի ընդունումն ավելի կխորացնի գործակցությունը կայունության, դեմոկրատական ու տնտեսական զարգացման ճանապարհին մեր շրջանում»:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Ավետիսյանը նշել է, որ ԼՂՀ ճանաչման քայլն ուղղված է բարեկամության ու ընկերական հարաբերությունների զարգացմանը Հարավային Կովկասում.

«Ես ի սրտե ողջունում եմ համայնքի ու օրենսդիրների ջանքերը՝ ուղղված Արցախի, Հայաստանի ու Ֆրեզնո շրջանի ժողովրդի միջև ընկերական հարաբերությունների զարգացմանը»: Բանաձևի հեղինակ Անդրեաս Բորգեսի խոսքով, Հոգաբարձուների խորհուրդն ուրախ է, որ Ֆրեզնոն կանգնել է իր հայ ընկերների կողքին.

«Մենք հուսով ենք, որ Սակրամենտոն (հանանգի մայրաքաղաքը) նույնպես պաշտոնապես կընդունի ԼՂՀ անկախությունը: Թեև Ֆրեզնոն Կալիֆորնիայում առաջինն է, ով ընդունել է բանաձևը, իմ նախաձեռնության նպատակն է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը երկրի ամբողջ տարածքում, այդ թվում նաև Վաշինգտոնն ու Կոլումբիան», - ասել է նա:

«Ֆրեզնոյի Հոգաբարձուների խորհուրդի կողմից բանաձևի ընդունումը ժամանակակից ու նշանակալի քայլ է:Մեն, Ռոդ Այլենդ ու Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմիններն արդեն ընդունել են նման բանաձևեր», - նշել է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի Հարավային մարզի գործադիր տնօրեն (ANCA-WR) Ուիլյամ Բայրամյանը: