24 ապրիլի 2013 - 19:09 AMT
Կիպրահայերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համագաղութային ցույց են անցկացնելու

Կիպրոսում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում gibrahayer.com կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը նշել է, որ մոտ 30 րոպեից իրենք Նիկոսիայում անցկացնելու են համագաղութային ցույց, որն ընթանալու է գլխավոր մայրուղիներում և ավարտվելու է Արմենիա փողոցում:

«Այնտեղի զոհերի հուշահամալիրի մոտ տեղական բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և հայկական համայքնի ներկայացուցիչները ելույթներ են ունենալու: Ճառով է հանդես գալու Նիկոսիայի Ստրոբոլոս արվարձանի ղեկավար Լազարոս Սավիդիսը»,- նշել է նա:

Ելույթներ են ունենալու նաև Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանը և Վարդգես Մահտեսյանը, որը Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր է: Միջոցառումները եզրափակվելու են Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգեհանգստի արարողություն է կայանալու:

Այնեջյանը նաև ավելացրել է, որ անցած շաբաթ կիպրահայ համայնքի մոտ 50 հայտնի ներկայացուցիչներ սիմվոլիկ ակցիա են անցկացրել` հիվանդանոցներից մեկում արյուն հանձնելով: