24 ապրիլի 2013 - 20:40 AMT
Սալոնիկիի` Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել է Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը

Սալոնիկի Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում 1915-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո, ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպությամբ մեկնարկել է բողոքի երթ դեպի թուրքական հյուպատոսարան:

Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը և Սալոնիկիի այլ պաշտոնյաներ: Ոստիկանների շղթան ու ոստիկանական մեծ ավտոբուսները փակել էին փողոցը՝ արգելելով ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին:

Հայ համայնքի երեք ներկայացուցիչների՝ ոստիկանության հետ բանակցություններ վարելուց հետո թույլատրվել է մոտենալ հյուպատոսարանին, որտեղանպատասխան դռան զանգեր հնչեցնելուց հետո՝ պատին փակցվեց թուրքական կառավարությանն ուղղված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել` ամբոխին հետ մղելու համար: Երիտասարդների մի խումբ հանել է Թուրքիայի դրոշը և, այրելու փոխարեն, նետել ոստիկաններին՝ առաջարկելով պաշտպանել այն: