25 ապրիլի 2013 - 17:33 AMT
Լիտվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամներ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի փոխնախագահ Ալգիս Կաշետան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Տերեսա Բուրաուսկայտեն, պատմաբան Ալգիրդաս Կասպարավիչյուսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն և Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը լուսաբանվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ: