25 ապրիլի 2013 - 19:46 AMT
Վլադիմիր Գասպարյան. Կուտակված փորձը դրական կազդի Երևանի ավագանու ընտրություններում

Ապրիլի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:

Նա ցավակցություն է հայտնել Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է վերջին շրջանում, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը:

Նա ընդգծել է, որ բոլոր թերություններով հանդերձ, ոստիկանությունն իրականացրել է իրեն վերապահված գործառույթները, և կուտակված փորձը դրական ազդեցություն է ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, որն իր առանձնահատկություններն ունի:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ արձանագրվել է երեք միջադեպ, որոնցով քննություն է կատարվում: Ոստիկանության պետը որպես օրինակ բերել է Նոր Նորքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձը, որով իրականացվել է ծառայողական քննություն, և իրենց պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվել են համապատասխան տույժերի:

Հեֆեռնը նկատել է, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը: Նա դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները: