26 ապրիլի 2013 - 18:45 AMT
Լոնդոնում կազմակերպվել է համերգային երեկո ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված համերգային երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-ամյա տարելիցին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համերգային ծրագրով ելույթ ունեցավ լոնդոնաբնակ հանրահայտ դաշնակահար Սարգիս Զաքարյանը, ով կատարեց Կոմիտասի, Բաբաջանյանի, Քլարկի, Բեթհովենի ու Շոպենի ստեղծագործությունները։ Իսկ դերասանուհի Կարին Պետրոսյանը կարդաց բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի «Հայեր» պոեմը։

Միջոցառումն ավարտվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով ու աղոթքով։