26 ապրիլի 2013 - 20:46 AMT
Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել լրագրողն ու նրա վրա հարձակում գործած ավագանու անդամը

Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամաբ կատարված հարձակման փաստի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կարապետյանը և Աշոտ Պապայանը, որը հենց հարձակում գործած ավագանու ՀՀԿ անդամն էր: Նրանցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել էր «iLur»-ի լրագրողի վրա, խլել նրա ձեռքի ֆոտոխցիկը: Հարձակման ժամանակ տարածում գտնող ոստիկանը չէր արձագանքել լրագրողի օգնության մասին խնդրանքներին, ինչի կապակցությամբ ծառայողական քննություն էր նշանակվել:

Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: