30 ապրիլի 2013 - 16:37 AMT
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները չեն հանդիպել

Ապրիլի 22-26-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում չի կայացել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Այս անգամ ԵԽԽՎ երկու երկրների պատվիրակությունները չեն հանդիպել, թեպետ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե հանդիպում կայացել է»,- ասաց Դավիթ Հարությունյանը և նշեց, որ հնարավոր է պատվիրակությունների հանդիպում հետագայում լինի, քանի որ քննարկման հարց կա, սակայն դա չպետք է կապել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետ: «Այդ հանդիպումները որևէ առնչություն չունեն ենթահանձնաժողովի աշխատանքների հետ»,- վստահեցրեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Նա նշեց, որ երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի միջև պարբերական բնույթ կրող հանդիպումներում պայմանավորվածություն կա քննարկված հարցերը գաղտնի պահել ու չհրապարակել: Այդ պայմանավորվածությունը, սակայն, հաճախ ադրբեջանական կողմը խախտում է ու հայտարարություններ անում, որոնք Դավիթ Հարությունյանի խոսքով, չեն համապատասխանում իրականությանը: