30 ապրիլի 2013 - 20:53 AMT
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսն ավարտում է իր առաքելությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը հավելել է, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:

Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնել է ԱԳՆ հուշամեդալ: