8 մայիսի 2013 - 12:31 AMT
ՀՀ նախագահ. Նոր կառավարությունից ակնկալում ենք որակական ցուցանիշներ ու սոցիալական խնդիրների լուծում

Ինչպես նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստում, մեկ տարում Հայաստանն անցավ երեք ընտրությունների միջով: Ըստ նրա առաջին փուլը դա խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում արդեն իսկ ունենք ուժեղ և գործող քաղաքական մարմին, նախագահական ընտրությունների արդյունքում ունենք նոր քաղաքական ուժ:

Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիները այնպիսի պաշտոնյաների պահանջ ունեն և պատրաստ են սատարել այն պաշտոնյաներին, որոնք շոուին գերադասում են աշխատանքը: «Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է մեր երկրի ու ժողովրդավարության համար: Մենք դուրս եկանք ընտրություններից որպես ավելի հզորացած պետություն»,-ասել է նա: Անդրադառնալով առաջիկա աշխատանքին՝ ՀՀ նախագահը նշեց, որ առջևում հետևողական աշխատանք է, որի նպատակը լինելու է մարդկանց խնդիրների լուծումն ու բարեկեցիկ ապագայի կառուցումը:

«Ակնկալիքները նոր կառավարությունից մեծ են, քանի որ նրա աշխատանքին ոչինչ չի խոչընդոտում, կան բոլոր նախադրյալները առաջընթաց ապահովելու համար»,-ասել է ՀՀ նախագահը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի կառավարության առջև խնդիր էր դրված ապահովել 7-տոկոսանոց աճ, այս տարի նույն խնդիրն է դրված: «Այս անգամ մենք սպասելու ենք որակական ցուցանիշների ու սոցիալական խնդիրների լուծման, շեշտը դրվելու է արդյունքների վրա, և այդ արդյունքները պետք է լինեն զգալի ու հաշվարկելի»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ դա հանգեցնում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, ուռճացված պետհամակարգի աշխատանքի օպտիմալացմանը:

«Խնդիրները շատ են, մաղթում եմ ձեզ հաջողություն և խնդրում եմ գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ բան է կախված»,-ասաց նախագահը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կառավարությունը լիովին գիտակցում է, որ «նախագահի ու քաղաքացիների ակնկալիքները բարձր են, և մենք ամեն ինչ կանենք արդարացնելու համար դրանք և ուժ չենք խնայի, որպեսզի դա զգա յուրաքանչյուր քաղաքացի»: