16 մայիսի 2013 - 17:02 AMT
Մելիք Ղուկասյան. ԱԱ-ում մեր ծանրորդները գերազանցեցին իմ ակնկալիքները

Լիմայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77կգ) դարձել է բրոնզե, Գոռ Մինասյանը (+105 կգ)՝ արծաթե մրցանակակիր, իսկ Իզաբելա Յալյանը (58 կգ) պոկում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի մարզիչ Մելիք Ղուկասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման արդյունք չէր ակնկալում, քանի որ դրանից մի քանի օր առաջ ծանրորդները մասնակցել էին մեծահասակների ԵԱ-ին և կարող էին դեռ վերականգնած չլինել ուժերը:

«Սակայն նրանք կարողացան կատարել առաջադրանքը համառ աշխատանքի շնորհիվ: Իզաբելան տաղանդավոր ծանրորդուհի է, հետագայում նա դեռ կդրսևորի իրեն: Եթե նրան հաջողվեր օգտագործել հրում վարժությունում երրորդ մոտեցումը, նա կդառնար բրոնզե մեդալակիր: Իսկ Կարապետյանն ու Մինասյանը կարողացան դրսևորել իրենց»,-նշել է մարզիչը:

Ղուկասյանն ընդգծել է, որ հուլիսից հավաքականը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Տալլինում: Մինչ այդ հավաքականը 4 ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, Աբովյանում և Երևանում: «Հավաքին մասնակցելու է 15 ծանրորդներ, սակայն ԵԱ-ին կմասնակցի նրանցից 8-ը: Հուսով եմ, որ մեզ այնտեղ էլ կհաջողվի մեդալներ նվաճել»,-ասել է մարզիչը: