17 մայիսի 2013 - 20:21 AMT
Է. Նալբանդյանը և է. Մամեդյարովը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու իրենց հանձնառությունը

Այսօր Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով: Նախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատել են անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։