17 հունվարի 2006 - 13:39 AMT
ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող
Հունվարի 16-ին Ժնեւում գումարվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի առաջին` կազմակերպչական նիստը եւ կայացան հանձնաժողովի պաշտոնատարների ընտրությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը միաձայն ընտրվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող: ՄԱԿ-ի բարեփոխումների ընդհանուր գործընթացում նախատեսվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարինումը ավելի լայն իրավասություններ ունեցող Մարդու իրավունքների խորհրդով: Այս առումով անցումային փուլի կառավարման տեսանկյունից Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը առավել կարեւորվում է: Նստաշրջանի նախագահող ընտրվեց Պերուի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանն իր աշխատանքները կվերսկսի մարտին: