31 մայիսի 2013 - 20:39 AMT
Նախախորհրդարան. Մեզ գաղտնալսում են, անթաքույց հետապնդում և հալածում աշխատանքի վայրում

Ազատության հրապարակում ընթացող Նախախորհրդարանի բաց հանդիպման մասնակիցները քննարկում են «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը»: Այն հավաքվածներին ներկայացրեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը` նշելով, որ նոր իշխանություններ ձևավորելու համար 4 քայլ է պետք:

«Առաջինը ժողովրդի կազմակերպումն ու ինքնակազմակերպումն է` Հայաստանի ու Սփյուռքի տարածքում: Առաջին կամավորները արդեն կան: Շուրջ 1000 հոգի ցուցակագրվել են աջակից խմբերում: Գյումրիում ևս համակարգող խորհուրդը արդեն գործում է»,- ասաց նա և նշեց երկրորդ քայլը` ձևավորել շղթա, որը կհամակարգի ներկայացուցչական մարմնի աշխատանքները. «Կստեղծվի հիմնադիր խորհրդարան, որը անցումային ժամանակաշրջանում իր վրա վերցնի իշխանությունը: Երրորդ քայլը հանրաքվեի փուլն է, որի ընթացքում ժողովրդի հետ կնքվելու են պայմանագրեր»:

Իսկ չորրորդ քայլն այս բոլորի ամփոփումն է` բավարար ձայներ հավաքած կառույցը կստանա լեգիտիմություն և հայտ կներկայացնի գործող ադմինիստրացիային` իշխանության փոխանցման համար:

Իսկ մինչ այս քայլերը կազմակերպման փուլում են «Նախախորհրդարանի» անդամ, ՊՆ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ մայիսի 17-ի հանրահավաքից հետո սաստկացել են ճնշումներն ու սպառնալիքները «Սարդարապատ» շարժման ու «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ: Բայց գաղտնալսումները, անթաքույց հետապնդումները, աշխատանքի վայրում հալածանքները չեն կարող իրենց որոշումից հետ պահել: