6 հունիսի 2013 - 16:26 AMT
Հայաստանում կարող են երեք տեղական ավիաընկերություններ հայտնվել

Կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատել է Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը:

Ինչպես լրագրողներին ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, կառավարությունը չի հովանավորի տեղական ավիաընկերություններին՝ նրանց համար բացառիկ պայմաններ ստեղծելով: Սակայն «բաց երկնքի» քաղաքականությանը հարկ կլինի փուլային անցում կատարել, քանի դեռ տեղական ավիաընկերությունները չեն հաստատվել շուկայում:

Ըստ Մովսիսյանի, հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել, ու հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների թռիչքներ կատարել 3 ուղղություններով՝ ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արևելք: Բացի այդ, պարզաբանեց վարչության պետը, բոլոր ավիաընկերություններին հնարավորություն կտրվի չվերթ իրականացնել դեպի Մոսկվա: «Թռիչքների իրականացման թույլտվություն հաղթող ավիաընկերություններին կտրվի 5 տարի ժամկետով»,-հավելեց Արտյոմ Մովսիսյանը:

Վարչապետն իր հերթին նշեց, որ հայեցակարգի ընդունումը կբարձրացնի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում: