6 հունիսի 2013 - 16:36 AMT
ԵՊՀ և Բուխարեստի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հունիսի 6-ին Բուխարեստում ստորագրվեց Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր և կից լրացուցիչ համաձայնագիր: Հայկական կողմից նախապես ստորագրված համաձայնագրերը կնքվեցին Բուխարեստի համալսարանի ռեկտոր Միրչա Դումիտրուի կողմից, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ներկայությամբ:

Երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի ապրիլին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի Բուխարեստ կատարած այցի ընթացքում, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և գործուն միջամտությամբ:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը և դոկտոր Միրչա Դումիտրուն պայմանավորվեցին առաջիկայում համալսարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև Ռումինիայում համալսարանական մակարդակով հայերենի ուսուցումը խորացնելու շուրջ:

Հուշագիրը նախատեսում է ԵՊՀ և Բուխարեստի համալսարանի միջև փոխանակման ծրագրեր պրոֆեսորա-դասախոսական և վարչական կազմերի համար, ուսանողների փոխանակման ծրագրեր` 6-12 ամիս տևողությամբ, համատեղ հետազոտություններ և գիտական հրատարակություններ, փոխադարձ մասնակցություն կազմակերպվող ամառային դպրոցներին, գիտաժողովներին և լեզվի դասընթացներին:

Համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի խորացնելու երկու երկրների մայր բուհերի միջև առկա գործակցությունը: Վերջին տասնամյակում միջպետական ծրագրով Բուխարեստի համալսարանում բուհական և հետբուհական կրթություն են ստացել տասնյակ հայ ուսանողներ: 2011 թվականից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, պատրաստվել և տպագրության է հանձնվել դոկտոր Աիդա Մարկոսյանի՝ հայոց լեզվի ուսուցման դասագիրքը ռումինախոսների համար: