ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն տնտեսության և ռազմական համագործակցության ոլորտում, այլև կրթական բնագավառում»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերն՝ ի նպաստ հայ-ռուսական կրթական համագործակցության զարգացման և նշել, որ Հայաստան-Ռուսաստան հարբերությունները վաղուց արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
Անդրադարձ է եղել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի՝ որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հաջողված օրինակի գործունեությանը և ռուսական գիմնազիա հիմնելու ծրագրին: Նշելով, որ համալսարանը ապահովում է բավարար մակարդակի բարձրագույն կրթություն՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Սլավոնական համալսարանում հետազոտական և գիտական բաղադրիչի ներդրումն ու ամրապնդումը, որը հնարավարություն կտա կրթության համակարգում բարձրացնել բուհի կշիռը: Աշոտյանը կարևորել է նաև ՌԴ որոշ դպրոցներում հայերենի ուսուցման կազմակերպման խնդիրը՝ շեշտելով, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է պետական աջակցություն Ռուսաստանից:
Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև Հայաստանի դպրոցներում ռուսերենի դասավանդմանը, երկկողմ միջպետական համաձայնագրով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքային խնդիրների վերաբերող հարցեր: