Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայից 2:1 հաշվով կրած պարտությունից հետո նշեց, որ շատ գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
«Մեր թիմում այսօր լավագույնը կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն էր: Հավաքականը միասին խաղալու մեծ փորձ չունի, դա ևս զգացնել տվեց: Մենք նախապես իմացել ենք, թե մրցակիցն ինչպիսի մարտավարությամբ է խաղալու»,- նշեց նա: Ըստ նրա, երկրորդ կեսում հայ ֆուտբոլիստների մոտ ստեղծագործ միտքը մեծացավ ու սկսեցին ագրեսիվ խաղալ:
«Եթե խաղի ընթացքում մենք մի փոքր ավելացնենինք, կարող էին երկրորդ գնդակն էլ խփել: Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց մեր տղաները նրանց գերազանցեցին: Որակական առումով այս թիմն ավելի լավն է, քան նախորդ ցիկլում հանդես եկած մեր ընտրանին, բայց ինձ համար շատ դժվար է համեմատել նրանց, քանի որ երկուսին էլ ես եմ մարզել»,- ավելացրեց նա:
Նազարյանը դժվարացավ ասել, թե հետագայում ինչի վրա են փորձելու աշխատել, որպեսզի սխալներն ուղղեն, նշելով, որ դրա համար ժամանակ է պետք իրեն: