26 հունվարի 2006 - 18:51 AMT
Բաքվում պիկետ են կազմակերպել այն թերթի խմբագրության առջեւ, որը Ռ.Սաֆարովին հանցագործ է անվանել
Այսօր Բաքվում Ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմակերպության շուրջ 7 տասնյակ անդամներ բողոքի ցույց են կազմակերպել «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրության առջեւ, որն իր հրապարակումներից մեկում «հանցագործ» է անվանել Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Ագրեսիվ տրամադրված ցուցարարները պահանջել են դուրս գալ եւ մեկնաբանել հոդվածում տեղ գտած գնահատականները: Չբացառելով, որ ցուցարարները կարող են հարձակվել խմբագրության վրա, խմբագիրը Էյնուլա Ֆաթուլաեւը դիմել է ոստիկանությանը, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: