10 հունիսի 2013 - 10:05 AMT
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը»

Հունիսի 12 - 19-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ:

Աջակիցներն են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:

Մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով: Բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:

Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնն կանցնի մեկ փուլով, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցները հանդես կգան 2 փուլի ծրագրով:

Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի, Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Սիրիայի և Ավստրալիայի 90-ից ավելի պատանի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են:

Մրցութային ունկնդրումները կգնահատի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են ճանաչված երաժիշտներ: