11 հունիսի 2013 - 17:22 AMT
Ռուբեն Հակոբյան. Գուցե անհրաժեշտ է խստացնե՞լ օրենքները, որոնք վերաբերում են ապօրինի զենք պահելուն

Խորհրդարանում ավանդական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեջբերեց հայտնի աֆորիզմը՝ «Եթե պատից զենք է կախված, ապա այն պետք է կրակի» և նկատեց, որ փորձը ցույց է տվել, որ այս տեսակետը ապացուցվել է:

«Այդ զենքը կրակել է խորհրդարանում՝ հոկտեմբերի 27-ին, կրակել է մարտի մեկին, ներանձնային հարաբերությունների ժամանակ: Ավանդույթ է դարձել, որ իմանալավ, որ կան զինված մարդիկ, որ այդ զենքը գտնվում է ագրեսիվ մարդկանց մոտ, մենք ոչինչ չենք ձեռնարկում: Ինչո՞ւ չենք կարողանում զինաթափել այդ մարդկանց: Կամ պետությունն ի վիճակի չէ, կամ իշխանութանը ձեռնտու է, որ այդ ագրեսիվ մարդիկ զենք ունենան և ահաբեկեն քաղաքացիներին: Ապահով Հայաստան ենք հայտարարում, բայց անապահով վիճակում ենք պահում քաղաքացիներին»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ գուցե անհրաժեշտ է խստացնել օրենքները, որոնք վերաբերում են ապօրինի զենք պահելուն: «Այսօր էլ մենք գիտենք, որ մի խումբ մարդիկ կան, ովքեր իսկապես զինված են և հաշիվներ լուծելու համար կարող են զորք հանել իրար դեմ»,- ասաց պատգամավորը: