12 հունիսի 2013 - 21:30 AMT
Արցախի, Սյունիքի և սիրիահայ 8-25 տարեկան երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն Շուշիի ճամբարին

Ինչպես ամեն տարի այս տարի ևս Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ԼՂՀ ներկայացուցչությունը Շուշիում կազմակերպելու է ամառային ճամբար:

Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրել է ընկերակցության ԼՂՀ ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, այս տարի ճամբարը կկազմակերպվի հունիսի 23-ից մինչև հուլիսի վերջը, որին հնարավորություն կունենան մասնակցելու Արցախի, Սյունիքի 8-25 տարեկան մանուկներն ու երիտասարդները:

Ճամբարը կգործի 5 փուլով, որից երեքը նախատեսված է 8-12 տարեկան մանուկների համար, մյուս երկուսին կմասնակցեն 13-16 տարեկան պատանիներ,իսկ վերջին փուլին՝ 16-25 տարեկան երիտասարդներ: Արսեն Մանասյանը հավելեց նաև, որ այս տարի ճամբարին կմասնակցեն նաև սիրիահայ երիտասարդներ ու պատանիներ:

Ճամբար է նախատեսում կազմակերպել նաև Հայ օգնության միությունը. ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Կարինե Դադայանի տեղեկացմամբ ՝ Գանձասարում է կազմակերպվելու 10-րյա ճամբարը, որը մեկնարկելու է հունիսի 26-ին։ Ճամբարում կհանգստանան 10-15 տարիքային խմբի շուրջ 100 երեխաներ՝ հիմնականում Բերձորի, Կովսականի և Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրերում ապրող սիրիահայեր։