13 հունիսի 2013 - 12:20 AMT
Ռուբեն Հայրապետյան. Անհեթեթություն է, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ոչ ոք չի պահանջել, որ նա հրաժարական տա:

«Եթե ժողովուրդը պահանջի, հրաժարական կտամ: Ես կոչ եմ անում դուրս գալ վիրտուալ կյանքից և իրականում հանդիպել ինձ ու քննարկումներ անել: Ես համացանցում գրառումներ եմ տեսել, թե իբր ես եմ որոշում հավաքականի կազմը, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը, դրանք անհեթեթություններ են: Եթե ես վնաս եմ տալիս հայակական ֆուտբոլին, թող ասեն ինձ»,- ասաց նա:

ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ Մալթայի դեմ խաղում հայ ֆուտբոլիստները մտել են դաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով. «Նրանք թերագնահատել են մրցակցին, ինչի համար էլ պատժվել են: Նրանք կտրվել են գետնից, և մեր խնդիրն է նրանց պահել այդ ճանապարհից: Իսկ ահա Դանիայի դեմ հանդիպմանը ցույց են տվել իրենց խաղը»:

Մալթայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին հունիսի 7-ին սեփական հարկի տակ անակնկալ պարտություն է կրել 0:1 հաշվով, իսկ ահա 4 օր անց տպավորիչ հաղթանակ տոնել Դանիայի նկատմամաբ 4:0 հաշվով:

«Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչին պատրաստ էին: Դանիային հաղթելն ամենևին էլ հերոսություն չէր, եթե սա հերոսություն է բա մեր շախմատիստներն ի՞նչ ասեն»,- հավելեց նա: