15 հունիսի 2013 - 12:57 AMT
Հայկական զինված ուժերը չեն խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտության դեպքում միայն արձագանքում են հակառակորդի նախահարձակ գործողություններին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություններին, թե երեկ հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, Սենոր Հասրաթյանն արձագանքեց. «Ես այդ աննորմալությունը չեմ մեկնաբանում»:

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հայտարարեց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: «Շատ դժվար է հասկանալ, թե իրենք ինչով են առաջնորդվում` ամենատարբեր քաղաքական, ռազմական, ներքին և արտաքին պատճառներ կան»,- ասաց նա:

Ավելացնենք, որ ադրբեջանական APA գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հայկական զինված ուժերը երեկ գիշեր խախտել են հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը և իրենք պատասխան կրակ են բացել: