7 փետրվարի 2006 - 12:56 AMT
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 7-ի հրամանագրով«Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար,հայտնում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը նախագահին առաջարկել է Հայաստանի «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը:Նրա թեկնածության քննարկումների ընթացքում հաշվի է առնվել նաեւ Հայաստանի մշակույթի շուրջ 50 գործիչների բաց նամակը, որոնք առաջարկել են թափուր պաշտոնի համար «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենի թեկնածությունը: Մասնավորապես, նամակը ստորագրել են հայ մշակույթի ականավոր գործիչներ Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Մանարյանը, Գեղամ Գրիգորյանը եւ այլոք: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, Հայաստանի մշակույթի գործիչները դրական են վերաբերվում Գ.Գեւորգյանի հնարավոր նշանակմանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում, քանի որ «նա լավ կառավարիչ է եւ պրոֆեսիոնալ»: