Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:
Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 հատ տպաքանակով:
Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., և լավագույն ավանդույթներով շարունակվում է մինչ օրս: «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում են հայկական ֆիլատելիայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: