19 հունիսի 2013 - 15:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Փակ շուկան «ապակեպատում են»

Մշակույթի նախարարության ՝ Փակ շուկայում ընթացող շինարարության ապօրինի լինելու մասին վերջին հայտարարությունից մեկ ամիս անց՝ այսօր շուկայում արդեն շինարարության նոր փուլ է սկսվել: Տանիքին կառուցված շինության վրա հավաքել են մետաղյա կոնստրուկցիաներ, որոնց վրա հետո ապակիներ են տեղադրվելու:

Շուկայի տարածքում այսօր մեզ դիմավորեց Լևոն Խաչատրյանը, ով ներկայացավ որպես աշղեկ: Ասաց, որ լրագրողները միայն վատ բաներ են տեսնում և չեն ուզում նկատել, որ իրենք նաև լավ գործ են անում. «Մենք պատերին մի հատ ձեռ չենք տվել, ընդեղ նայեք, քարերը թափվել էին, մենք նորից տեղադրում ենք իրենց տեղում, ռեստավարցիա ենք անում»:

Նշենք, որ բացի նոր կոնստրուկցիաներից ևս մեկ «նորամուծություն» կա շուկայում, փոխվել են նախկին պատուհանները, դրանց փոխարեն հիմա եվրոպական արտադրության պատուհաններ են, որոնք ըստ Խաչատրյանի՝ փոխվել են, որովհետև նախկին պատուհանները կորոզիայի էին ենթարկվել, փականները չէին աշխատում և չէին բացվում.«Վատ ենք արե՞լ, ի՞նչ վատ կլինի, մարդիկ կկարողանան նորմալ բացել-փակել, ներսում էլ հով կլինի», -ասաց նա:

Խաչատրյանն ասաց, որ շուտով շինարարությունը կավարտվի. «Ներսի հարդարման աշխատանքներն ավարտել ենք, բացումը շուտով կանենք, ներսը շուկա կլինի, ավտոկայանն էլ իրա տեղում կլինի, որ չգաք խանգարեք, շուտով կպրծնենք»,-ասաց նա:

ՖՈՏՈՇԱՐՔ