27 հունիսի 2013 - 13:04 AMT
Վարչապետ. Ողջ տեղեկատվությունը աղմկահարույց «օֆշորային սկանդալի» մասին հասանելի կլինի ԶԼՄ-ներին

Ողջ տեղեկատվությունը աղմկահարույց «օֆշորային սկանդալի» մասին հասանելի կլինի ԶԼՄ-ներին, հունիսի 27-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Օֆշորների թեման դարձել է քաղաքական շահարկումների առարկա, ինչ հեքիաթներ ասես չեն պատմում՝ փորձելով վարկաբեկել»,-ասել է նա

Ըստ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» Hetq.am կայքում մայիսի 29-ի հրապարակման, «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: Հրապարակման մեջ ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշվին է փոխանցել 10 մլն դոլար:

Այդ հրապարակման առնչությամբ վարչապետը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հետաքննել այդ հրապարակման մեջ ներկայացված մեղադրանքները: Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի առնչություն չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային ձեռնարկություն գրանցել Կիպրոսում, կամ այլուր: Ավելին, վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը, որը կքննի ու կստուգի սկանդալային լուրերը իբր Կիպրոսում իր կողմից օֆշորային ընկերություն ստեղծելու մասին, ինչ առաջարկում էին ընդդիմադիր պատգամավորները: