28 հունիսի 2013 - 17:18 AMT
ՊԲ հրամանատար. Ադրբեջանի ռազմատեխնիկական ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը

Վերջին շրջանում Ռուսաստանից Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ իր մտահոգությունը երեկ ԼՂՀ ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ հարցնելով, թե դա հնարավոր ագրեսիայի դեպքում չի՞ կարող էականորեն ազդել ԼՂՀ պաշտպանունակության վրա, գրում է karabakh-open.info-ն:

Ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը սպառազինություններ միայն վերջին շրջանում չի ձեռք բերում, այլ զինադադարի հաստատումից ի վեր։ «Այս վերջին գնումները, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներով և հասարակության մոտ որոշակի ակտիվություն են առաջացրել, հակառակորդի նպատակաուղղված աշխատանքների արդյունք են՝ ուղղված Հայաստանում որոշակի լարվածության ստեղծմանը։ Անշուշտ, դա մեզ բոլորիս մտահոգում է, բայց մենք համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում՝ կանխելու ինչպես սպառազինության ձեռքբերումը, այնպես էլ բալանսը պահպանելու ուղղությամբ»,- նշել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ հասարակությանը մտահոգող «դիզբալանսը դեռևս բավարար չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի»։

Այդ գնումներն, ըստ պաշտպանության նախարարի, ավելի շատ ուղղված է նախընտրական Ադրբեջանի ներքին լսարանին։ «Իրավիճակը վերահսկելի է, և վստահեցնում եմ, որ սպառազինության ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը»,-վստահեցրել է Մովսես Հակոբյանը: