29 հունիսի 2013 - 10:27 AMT
1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել

Զորի Զորյանի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել:

Երիտասարդական միության անդամները հավաքվել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ ներկայացրել են ինքնապաշտպանության դրվագները:

Արշավի պատասխանատուները երիտասարդներին ներկայացրել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության կարևորությունը: Նրանք նշել են, որ եթե ինքնապաշտպանությունը անհաջող ավարտվեր, ապա ամենայն հավանականությամբ նաև Ախալցխայում տեղի կունենային հայ ազգաբնակչության կոտորածներ և շրջանը կմիացվեր Թուրքիային:

«Ախալցխայի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի այն փառահեղ հաղթանակներից մեկն է, որոնք մղվեցին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում 1918թ. մայիսին և պահեցին հային իր իսկ հայրենիքում»,- պատմել են նրանք:

Երիտասարդական միության անդամները արշավի ավարտին պայմանավորվեել են ամեն տարի մայիս ամսվա վերջին օրը կազմակերպել միջոցառումներ և մեծ շուքով նշել Ախալցխայի ինքնապաշտպանության օրը, փոխանցում է akhaltskha.net-ը: