
Ոստիկանությունը ծանոթ է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությանը, որով «դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները»:
«Հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը», - նշված էր հայտարարության մեջ։
PanARMENIAN.Net-ի թղթակցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հայտարարությունն ուսումնասիրվում է։
«Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրված «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարն անհետացել էր հունիսի 29-ի երեկոյան` ակցիայի ժամանակ։