10 հուլիսի 2013 - 21:08 AMT
Ավիացիայի և երկաթգծի ոլորտում մասնագիտացած իտալական ընկերությունը Հայաստանում ներդրումային ծրագրեր կիրականացնի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության գործունեության ուղղությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է ճանապարհաշինության, էներգետիկայի, ավիացիայի և երկաթգծի ոլորտներում ու հետաքրքրված է հիշյալ ուղղություններով Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում:

Կառավարության ղեկավարը ողջունել է «Տոտո» հոլդինգի` մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բնագավառներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել այդ ոլորտների ներկայացուցիչների հետ: