ՀՀ նախագահի կողմից հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման խնդիրը դեռևս մի քանի տարի առաջ է դրվել պատասխանատու կառույցների առջև:
Այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացում» ծրագրի աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Ծրագրի խորհրդի` օրերս կայացած հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ անցումային կետերի արդիականացման ծրագիրը մտել է վճռորոշ փուլ. հստակեցվել են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը, ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների:
Հայ-վրացական սահմանի մաքսային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեի գլխավորած պատվիրակությունը:
ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրին առնչվող հարցեր:
ՊԵԿ նախագահն առաջարկել է համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով մաքսային հայտարարագրերը փոխանակել էլեկտրոնային եղանակով, իսկ մաքսանենգության դեմ պայքարը հայ-վրացական սահմանին արդյունավետ դարձնելու նպատակով երկու գերատեսչությունների միջև ակտիվացնել հարցումների փոխանակումը: