13 հուլիսի 2013 - 17:21 AMT
Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան

Այսօրվանից մինչև վաղը ժամը 06.00-ն Երևան Ջուր ընկերությունը հայտարարել է Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարման դադարեցման մասին:

Պատճառը՝ Շենգավիթում Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում գտնվող խոշոր ջրաբաշխիչ հանգույցի վերակառուցման անհրաժեշտությունն է: Այնտեղ տեղադրված 400մմ տրամագծով 4 փականները վթարային են, որի պատճառով հնարավոր չէ ապահովել նշված տարածքների բաշխիչ ցանցի պահանջվող կառավարելիությունը, ինչը բացասաբար է անդրադառնում տեղի սպառողների ջրամատակարարման վրա: Մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետարանը ներկայումս ասֆալտապատում է Բագրատունյաց փողոցը, և հարկ է այնտեղ արագորեն վերանորոգել ջրամատակարարման ցանցը, որպեսզի առաջիկա տարիներին տարածքը մնա բարեկարգ:

Ինչպես տեղեկացրեց ընկերության Արևելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, ներկայումս վթարների դեպքում ստիպված են լինում ջրազրկել զգալի զանգվածներ, մինչդեռ դիտահորում նոր փականների տեղադրումից հետո ողջ տարածաշրջանը հստակ կբաժանվի առանձին գոտիների, ինչը թույլ կտա իրականացնել տեղային ջրանջատումներ: