15 հուլիսի 2013 - 19:40 AMT
Հ. Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լ. Կոժարային

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարևոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ և նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Նրա խոսքով` Հայաստանը պահպանում է տարածաշրջանային համագործակցության սկզբունքները հնարավոր բոլոր ոլորտներում, խորացնում վստահության ամրապնդման միջոցները և մշտապես կողմ է եղել լիարժեք և փոխշահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը՝ այն դիտարկելով որպես փախվստահության մթնոլորտի ստեղծման կարևոր նախադրյալ:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաև փոխգործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան բարձր գնահատեց Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը և մեր երկրի ակտիվ ներգարվվածությունը կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Կարևորելով տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը` Իվան Կոժարան այս համատեքստում նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց նաև հասարակությունների միջև շփումների ակտիվացումը, որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր:

Անդրադառնալով Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդրին` կողմերը կարևորեցին Պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: