16 հուլիսի 2013 - 18:54 AMT
ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում ՄԱԿ փախստականների հարցերով ներկայացուցչի հետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:

Նշված հարցերի կապակցությամբ Քեյթ Փուլերին առաջարկել է կազմակերպել ճանաչողական այց եվրոպական երկրներ, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:

Արթուր Օսիկյանն արել է մի շարք առաջարկներ, մասնավորապես, առաջարկվել հնարավորության դեպքում Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների համար փախստականների կարգավիճակի վերաբերյալ սեմինար անցկացնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունք ստանալու նպատակով: