16 հուլիսի 2013 - 20:26 AMT
Հայ փրկարարները մասնակցում են Բելառուսում ընթացող փրկարարների հավաքին

Բելառուսի Գոմելի շրջանում գտնվող «Փրկարար» ճամբարում տեղի ԱԻ նախարարությունն անցկացնում է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների պատանեկան թիմը։

Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:

Հավաքի ընթացքում թիմերը կմասնակցեն մրցութային մարզական և մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաև կներկայացնեն իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները:

Այս տարի հավաքին մասնակցում է 15 երկրի փրկարարական ջոկատ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, ԱՄՆ, Ղազախստան, Ղըրղըզստան, Լատվիա, Լիտվա, Սերբիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Տաիջիկստան, Ադրբեջան)։

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հավաքի փակումից հետո բոլոր մասնակից թիմերը հրավիրված են մասնակցելու Բելառուսի հրշեջ ծառայության հիմնադրման 160-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին` Մինսկում։