1 մարտի 2006 - 19:21 AMT
Աթենքում քննարկվել են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները
Աթենքի Բենակի թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ քննարկում «Թուրքիայի ուրացման քաղաքականությունը եւ Եվրոպայի անդամակցության ապագայի հեռանկարը» թեմայով: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկումը վարում էր Աթենքի Պանդեոնի համալսարանի դասախոս Խրիստոդուլոս Յալուրիդիսը: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի վերաբերյալ, կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Թուրքիայում առկա հիմնախնդիրները, ուշադրություն դարձնելով Հայկական ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա: Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի «Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի» նախագահ Ֆոտիս Կուվելիսը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Լորան Լեյլեքյանը, Բրյուսելի Info-turk լրատվական հաստատության տնօրեն Դոգան Օզգյուդենը: Միջոցառմանը ներկա էր Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: