
ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 20-ամյակի առթիվ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ` արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ:
Շնորհավորելով ներկաներին հոբելյանական տարեդարձի առթիվ` վարչապետը կարևորել է արտգործնախարարության դերակատարությունը պետականաշինության գործընթացում: Նա բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունը` իբրև զարգացող ժողովրդավարական երկիր, արտաքին աշխարհին ներկայացնելու ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող գործունեությունը:
Նա շեշտել է, որ պետք է ավելի ակտիվ քարոզչական աշխատանք տանել քաղաքացիներին` Արցախում իրականացվող տնտեսական նախագծերում ներգրավելու ուղղությամբ:
Հարությունյանը դիվանագետներին տեղեկացրել է հայրենանպաստ ծրագրերում և մի շարք այլ ոլորտներում կառավարության կողմից ներդրողներին առաջարկվող շահավետ պայմանների մասին, հույս հայտնելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքը այսուհետ ավելի արդյունավետ կլինի:
Արտգործնախարար Կարեն Միրզոյանը կարևորել է հանդիպումը կատարված աշխատանքը ամփոփելու, ձեռքբերումներն ու բացթողումները ի մի բերելու տեսանկյունից: Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարի գնահատականը և տված հանձնարարականները կօգնեն համակարգելու և կազմակերպելու հետագա ծրագրերը:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքների հետ կապված հարցեր: