29 հուլիսի 2013 - 17:02 AMT
Նախնական տվյալներով թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել

Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել: Նրանց հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 15 րոպե առաջ է խոսել Դամասկոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ և պատանիների առևանգման մասին տեղեկութունը դեռ հաստատված չէ:

Նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: