1 օգոստոսի 2013 - 15:17 AMT
Մահացած թուրք սահմանախախտը հայ-թուրքական սահմանը հատել է ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատվածում

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտնել էր, որ Հայաստանի տարածքում թուրք հովիվ է սպանվել, ով հատել էր սահմանն իր կորած ոչխարներին փնտրելու: 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը սահմանը անցել էր Արփաչայի շրջանում և, ինչպես Hurriyet Daily News-ին հաղորդում է թուրքական կողմը, սպանվել է հայ սահմանապահների կրակոցներից:

PanARMENIAN.Net-ի թղթակցը զրուցեց Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցչի հետ, քանի որ սահմանի այդ հատվածում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները. «Միջադեպ եղել է, սահմանախախտ Թուրքիայի քաղաքացին մահացել է, քննություն է իրականացվում»:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան: Ակյակայի շրջանի վարչակազմի ղեկավար Օսման Ուղուրլուի վկայությամբ՝ Ուլքերը սահման էր վերադարձել, երբ տեսել էր, որ իր ոչխարներից մեկը կորել է, ու գնացել է նրան փնտրելու:

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նրա մարմինը: Մեր բրիգադային հրամանատարը և շրջանային վարչակազմի ղեկավարը գտնվում են սահմանին: Մեր քաղաքացու մարմինը կստանանք հավանաբար արևելյան անցակետից», -ասել է Կարսի նահանգապետը: