6 օգոստոսի 2013 - 10:47 AMT
Վրաստանի նախագահի ընտրություններն ու Ջավախքը. Չախալյանը ջավախահայ ընտրողների սպասելիքների մասին

Վրաստանի նախագահի ընտրությունների նախընտրական ալիքը Ջավախք դեռ չի հասել: Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բնորոշմամբ` այստեղ նախագահական ընտրություններին այդքան մեծ կարևորություն չեն տալիս: «Վերջին քսան տարիների ընթացքում իշխանությունն ապահով է, քանի որ մեծամասնություն է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը` շեշտելով, որ թեկնածուներն ազգային փոքրամասնություններին մեծ նշանակություն չեն տալիս:

«Մենք երկար տարիներ է փորձում ենք իրավիճակը փոխել, բայց կարծես ավանդույթ է դարձել, որ իշխող կուսակցությունն է ստանում ձայների մեծամասնությունը: Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ իրենց ձայները տան այն թեկնածուին, որը մեր պահանջների բավարարման հարցում դրական է տրամադրված: Ցավոք, չի ստացվում: Մեր շրջանն ավելի զգայուն է, ցանկացած քայլ մեկնաբանվում է որպես ծայրահեղականություն և անջատողականություն»,- ասաց նա:

Հարցին, թե ջավախահայերն ինչ սպասելիքներ ունեն նախագահի թեկնածուներից, Վահագն Չախալյանը պատասխանեց, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են հայոց լեզվի կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման, հայկական համալսարան ստեղծելու հարցերում թեկնածուների կարծիքը: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ նախընտրական խոստումներ միշտ էլ լինում են, բայց դրանք չեն իրագործվում:

Ավելացնենք, որ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 31-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում և իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել: