6 օգոստոսի 2013 - 11:06 AMT
ՀՀ և ԼՂՀ ԱԺ աշխատակազմերի ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ստեփանակերտում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, երկու հայկական խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության խթանմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները, կարևորելով միջխորհրդարանական կապերը, ցանկություն են հայտնել ակտիվացնել ու խորացնել համագործակցությունը: Նրանք անդրադարձել են խորհրդարանների աշխատակազմերի տարբեր ծառայությունների պատասխանատուների փոխայցելությունները պարբերաբար կազմակերպելուն և խորհրդարանական տարաբնույթ միջոցառումներին գործընկերների մասնակցությունն ապահովելուն:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը և արդյունավետությանը: