16 հունվարի 2003 - 21:53 AMT
ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Մոսկվայում Կովկասի իրավիճակը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, որը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 22-ին` մասնակցելու համար ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի 9-րդ նիստին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել իրավիճակն այն տարածաշրջաններում, որտեղ առկա է ահաբեկչության խնդիրը` ներառյալ Կենտրոնական Ասիան, Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը: Աշխատանքային խմբի համանախագահներն` Արմիթիջն ամերիկյան կողմից, եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը` ռուսական, խմբի մյուս անդամների հետ միասին կքննարկեն «ողջ աշխարհում հակաահաբեկչական ջանքերը` հատուկ շեշտ դնելով միջուկային, կենսաբանական եւ քիմիական ահաբեկչության դեմ պայքարի վրա»,- գրում է ամերիկյան մամուլը: