17 օգոստոսի 2013 - 15:13 AMT
Դավիթ Բաբայան. Ադրբեջանին և Թուրքիային Գաբալայում զսպեցին

Գաբալայում տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վերջին գագաթաժողովը տարբերվեց նախորդներից: Կարծիքը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանինն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա առանձնացրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ հաջորդ նման համաժողովը կուզենար Արցախում անցկացնել և դրան հետևած համատեղ հռչակագիրը, որում ընդգծվել է` ԼՂ շուրջ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:

«Եթե Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Արցախի անկախությունը և նման խնդրանքով դիմում է մեզ, ապա ի՞նչու ոչ: Իհարկե, հնարավոր է կազմակերպել նման միջոցառում, ինչպես, օրինակ, Դավոսում: Իսկ եթե նման հայտարարությամբ Թուրքիան դրդում է Ադրբեջանին ագրեսիայի, պատրաստակամություն հայտնում պատերազմական գործողությունների ժամանակ սատարել, ապա դա ակնհայտ ապակառուցողական և վտանգավոր քայլ է», - ասաց Դավիթ Բաբայանը:

Իսկ համատեղ հռչակագիրը, նրա խոսքով, զսպող քայլ էր՝ միաժամանակ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին: «Սա նշանակում է, որ թուրքալեզու պետություններն անհանգստացած են և չեն ուզում մասնակցել այդ արկածախնդրությանը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ չկա համաթուրքական խնդիր, ինչպիսին Ադրբեջանը փորձում է ներկայացնել ԼՂ հակամարտությունը»: