ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։
Մասնագետները նախարարին են ներկայացրեցրել յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները:
նախարարությունից հայտնում են, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել է մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին` բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։
Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։
Այս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։